Լեզվաբանական ամսագիր # 26

  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Արևմտահայերենի բառարան
  • Խաղ Դավիթ Հովհաննիսյանի կողմից
  • Մեր լեզվաբանները

Բառերի ու արտահայտությունների հետքերով
Դեմքի ուղղությա՞մբ, թե՞ դեպի աջ

Երբ լսենք առաջ հրամանը կամ հրահանգը, մենք, առանց վարկյանի անգամ մտածելու, մեր քայլերը կուղղենք դեպի այն կողմը, ուր դարձել է մեր դեմքը: Եվ այդտեղ զարմանալի ոչինչ չկա: Սակայն մեր հեռավոր նախնիները եթե այդ նույն հրամանն ստանային, կքայլեին…. դեպի աջ: Որովհետև առաջ (= առ + աջ) ստուգաբանորեն նշանակում է (դեպի առաջ):

Այդ ինչպե՞ս պատահեց՞ որ աջ-ը նշանակեց «ուղիղ»։ Իմաստի այս անցում սովորական երևույթ է ոչ միայն հայերեն, այլև ուրիշ լեզուների համար․ ծանոթ շատ լեզուներում աջ միաժամանակ նշանակում է «ուղիղ» «ճիշտ» անգամ «ճշմարիտ»։ Համեմատեցեք․ ռուսերեն правый «աջ» և правильный «ճիշտ», право «իրավունք», правда «ճշմարտություն»։ Անգլերեն right [ռայթ], ֆրանսերեն droit [դղուա], պահլավերեն ռաասթ ունեն հիշված երեք իմաստներն էլ։

Աջ բառի այս իմաստների հետ են ըստ էության առնչվում և աջել (« ճիշտ կողմը շուռ տալ») , գործերը աջ գնալ («հաջողությամբ ընթանալ» ) արտահայտությունները, հենց ինքը հաջողության բառը։ Եվ ընդհակառակը , ձախ փոխաբերաբար նշանակում է « ոչ ճիշտ », « ձախորդ »։ Ձախել , գործերը ձախ գնալ , ձախողվել , ձաղորդություն…
Ով գիտե , գուցե « աջ » > «ուղիղ », «ճիշտ » անցումը կապված է աջլիկության, իբրև ճիշտ ու նորմալ երևույթի, ընկալման հետ։ Ով գիտե։ Փաստն այն է , որ առաջ (առջև) , առաջարկել, առաջին, հաջորդ, հաջող… բառերի արմատն է աջ։

Նյութը թվայնացրին Մերի Գրիգորյանը, Մարիաննա Խաչատրյանը, Մարիա Վաթյանը
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Ոսկյա, ոսկե, ոսկի․․․

Ա՜ խ, այդ ազնիվ մետաղը։ Դարեր ջարունակ ինչպիսի ՜ փոխաբերություների ասես որ ծայր չի տվել ․ է ՛լ ոսկի ձեռքեր, է ՛լ  ոսկի մարդ , ոսկյա անուրջներ ու ոսկե գալիք, ոսկե կամուրջ կապել ․․․ 

Հապա ոսկե դա ՞ր-ը։ Շատ սովորական դարձած մի արտահայտություն, որով կոչվում են մարդիկ իրենց պատմության այն ժամանակահատվածը, երբ իրենց ժողովրդի հատկապես մշակույթը կատարելապես ծաղկուն վիճակ է ապրում։ Հայերիս մեջ այդպես է ընդունված եղել կոչել 5-րդ դարը, որը բացվեց գրերի կենսահաստատ գյուտով ու փառավորվեց ոսկեղենիւկ գրաբարով  ստեղծված վիթխարարժեք մշակույթով։

Սակայն մեր  օրերի բանաստեղծ Հովհաննես Շիրազը   նաև այսպիսի մտքի է․ 

 Ու դու հին վերքից
Դառած սիրո երգ՝ 
Դեռ ավետում ես՝ ի լուր  աշխարհի,       
Թե Հոկտեբերյան թնդյունով բացվեց 
Առաջին օրը քո ոսկեդարի , —
Թե հայոց ազգն էլ էլ ահա բռունցքվեց 
Ու բարձրանում է սանդուղքն աստղերի
Դեպի երազը, որ կյանքի փոխվեց ,
Դեպի կատարներն իր երազների ․․․ (Դեպի բնօրրան)

Եթե մյուս փոխաբերությունների հեղինակներն անհայտ անուններ են, ապա ոսկե դար-ինը, երջանիկ բերումով, պատմությանը հայտնի է․ այդ  արտահայտությունն առաջին անգամ գործածվել է հին հույն բանաստեղծ և մտածող Հեսիոդեսը (մ․ թ․ ա․ 8—7-րդ դար) իր գլխավոր ստեղծագործություններից մեկում՝ «Աշխատանքներ և օրերում», ուր գեղեցիկ գույներով նկարագրում   է  Սատուռնի  ժամանակները, երբ մարդիկ ապրում  էին ինչպես աստվածներ ՝ առանց հոգսերի, առանց  երկպառաթյունների ու պատերազմների, ստրկական տաժանակիր աշխատանքից զերծ։  

Նյութը թվայնացրեց Մարկ Հարությունյանը
Աղբյուրը՝ Պետրոս Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Արևմտահայերենի բառարան

ըլլաս-լինես

յանկարծ-հանկարծ

քովէն-մոտից

նորէն-նորից

հեռուէն-հեռվից

կրնաս-կարող ես

ինծի պես-ինձ նման

ամենէն-ամենից

կը վանեմ- կհանեմ

մէջէս-միջից

անոր-նրա

լեցուր-լցրու

ատեն- ժամանակ

կուգաս-կգաս

տունէ տուն-տնից տուն

օթօ- մեքենա

կը ղրկեմ- կուղարկեմ

փառաշուք-հոյակապ

կցկտուր-անկապ, շինծու

 բոցավառ- բոց արցակող

ոսկեզօծ-ոսկիով օծուած

 նժոյգ- ընտիր ձի

վսեմ- վեհ, գերագույն

 կորաքամակ- մեջքը ծուռ

 դողդոջուն- երերուն, հուզմունքից այլայլված

Բառարանը կազմեցին Մանանա Ղազարյանը, Արսինե Կարապետյանը

Խաղ Դավիթ Հովհաննիսյանի կողմից։ Խաղալու համար անցնել հղումով։

Մեր լեզվաբանները


ՀՐԱՇՔԸ

….Գերմանիայից ինչ-որ պատվիրակություն էր եկել, և թարգմանիչ էր պետք: Թախանձագին խնդրում էին գալ: Դժկամությամբ պոկվեց գործից ու գնաց: Երբ այդ հանդիպումն ավարտվեց, հյուրերից մեկը հետաքրքրվեց թարգմանչի ազգությամբ:
– Հայ եմ, զտարյուն հայ,– ասաց:
– Բայց դուք գերմաներեն խոսում եք զարմանալիորեն վարժ:
– Պարզապես ձեր լեզուն իմանալը յուրաքանչյուր կիրթ մարդուն օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Դուք ամենատարբեր բնագավառներում այնպիսի գլուխներ եք տվել, որ նրանց աշխատությունները բնագրով կարդալը հանրագիտարանային գիտելիքներ կարող է պարգևել մարդուն:
Այս հանդիպումից երկու շաբաթ էր անցել: Հայաստանից պատվիրակություն պետք է մեկներ Ֆրանսիա: Թարգմանիչը նորից նա է: Ֆրանսիացիները, որոնց շատ դժվար է որևէ բանով զարմացնել, բերանները բաց հետևում էին հայ թարգմանչին: Նման մաքուր ֆրանսերեն, մանավանդ բառապաշարի հարստություն, նրանք, անկասկած, չէին սպասում: Հանդիպման հիմնական թեման մոռացած նրանք անցան լեզվի հարցերին, և թարգմանիչը ապշեցրեց բոլորին:
– Ներեցե՛ք,– նրան է դիմում ֆրանսիացիներից մեկը, որ, հավանաբար, լեզվի մասնագետ էր,– պատահաբար ձեր արմատները մեր հողո՞ւմ չեն ծլարձակել:
– Ո՛չ,– կարճ պատասխանում է թարգմանիչը, ապա ավելացնում է,– իմ արմատները իմ հարազատ Հայաստանի հողում են ծլարձակել:
Օրեր անցան … : Երեկոյան ժամ էր, երբ զանգեցին և հրավիրեցին քաղաքային կոմիտե: Լոնդոնից պաշտոնական գրություն էր եկել, շտապ պետք է թարգմանվեր և պատասխան ուղարկվեր: Անգլերեն նա գիտեր համարյա մայրենիի նման, չնայած քիչ էր գործածում: Բնագրից Շեքսպիր էր կարդում, Բայրոն: Իսկ իռլանդացի Բեռնարդ Շոուն նրա սեղանի գիրքն էր: Ինչ որ պետք է, անում է, անգամ քերականական մի քանի ուղղումներ կային բնագրում…
Բավական ժամանակ նրան չէին անհանգստացնում: … Բայց ահա նորից զանգ… ճոխ հյուրընկալություն էր կազմակերպվել տարբեր երկրներից Հայաստան ժամանած պաշտոնական անձանց համար: Եկել էին Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Իրանից, Հնդկաստանից… Եւ, պատկերացնո՞ւմ եք, հրավիրված էր ընդամենը մեկ թարգմանիչ: Ապշել միայն կարելի էր, թե թարգմանիչը ինչպես էր կարողանում այդ բոլոր օտար ազգերի լեզուները թարգմանել: Եթե մերոնց համար դա այնքան էլ զարմանալի չէր, լավ էին ճանաչում նրան, հյուրերը պարզապես ցնցված էին: Թարգմանիչը ոչ միայն թարգմանում էր, այլև իր կողմից հաճոյախոսություններ էր անում, անեկդոտներ պատմում, մեկը մյուսից իմաստալի կատակներ անում:
«Սա հրաշք է,– ասում էին:– Եթե Հայաստանի հողը նման հրաշքներ է ծնում, ուրեմն այդ հողը սուրբ հող է, ազնվացնող հող»:
Այդ հրաշքը մեր հանճարեղ լեզվաբան Հրաչյա Աճառյանն էր։

Նյութի աղբյուրը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *