Լեզվաբանական ամսագիր # 8

Ամանորյա թողարկում

  • «Նոր տարի, Ամանոր, Նավասարդ» բառերի հետքերով
  • Ամանորյա խաչբառ
  • Նոր տարվա այլ անվանումները
  • Ամանորյա խաղեր
  • Ձմեռվա ամսանունների ծագումը
  • Ամանորյա բարեմաղթանքներ

Բառերի ու արտահայտությունների հետքերով`Վիկտորյա Հայրապետյանն առաջարկում է կարդալ`

Նոր տարի, Ամանոր, Նավասարդ 

-Շնորհավո՜ր Նոր տարի…
-Ամանորի առիթով հաճեցեք ընդունիլ սրտագին շնորհավորություններս…
Այսպես բյուր մաղթանքների հեղեղներ են հորդում աշխարհի չորս ծագերում ապրող մարդկանց շուրթերից ու սրտերից, մաղթանքներ բարօրության ու քաջառողջության, խաղաղ, անամպ երկնքի ու բարգավաճման…
Մեր նախնիները, որ սովորել էին տարիների հոլովումը հաշվել Երկրի ու Արևի, ամիսներինը՝ Երկրի ու Լուսնի «փոխհարաբերությամբ», մի առանձին հաճույքով էին «բռնում» պահը տարվա նորոգման և երազում էին իրենց կյանքն էլ նորոգված տեսնել՝ նոր տարվա հետ։ Անրջում էին պահել այն, ինչ ունեին՝ կյանք, տուն, օջախ, զավակներ, ազգ։
Նոր տարի, Ամ նոր։
Զուտ հայկական բառեր։ Եվ երբ սովորեցինք մեծատառի կիրառությանը հատուկ իմաստ հաղորդել, այդ բառերն էլ սկսեցինք մեծատառով գրել։

Այդ բառերին ժամանակին ավելացավ Կաղանդ-ը, որ անմիջականորեն փոխ առանք հունարենից (կալա՛նդաի). վերջինս իր հերթին՝ լատիներենից (calahdae (կալե՛նդաե>կալե՛նդե). սա ձեզ չի՞ հիշեցնում ռուսերեն календарь-ը)։ Հունարեն և լատիներեն բառերը նշանակում են թե՛ «ամսամուտ», թե «տարեմուտ»։ Սակայն ի վերջո արմատացել է «տարեմուտը»։ Եվ արևմտահայերենում սովորական արտահայտություններ են դարձել Կաղանդ, Կաղանդի գիշեր, կաղանդչեք («Նոր տարվա նվեր»)… Այս վերջինն առանձնապես թրթռուն զգացումներ է առաջ բերել ու բերում է մանավանդ փոքրերի սրտերում։ «Կաղանդ պիտի ունենայինք,- գրում է Անդրանիկ Ծառուկյանն իր «Մանկություն չունեցող մարդիկ»-ում։- Կաղանդ ունենալ՝ կը նշանակեր տոպրակի վերածված գուլպա մը, մեջը շաքար (կոնֆետ), ընկույզ, չամիչ ու թերևս թաշկինակ մը»։

Օ՜, այդ գուլպաներն ու կոշիկները, որ դրվում էին (ու դրվում են երևի այժմ էլ) իրենց հատուկ տեղում, որպեսզի Կաղանդ Պապան իր նվերները զետեղեր այնտեղ…

Կաղանդ Պապան արևմտահայոց Ձմեռ Պապին է, որն իր երևակայական ճանապարհորդությունն է գործում նույնքան երևակայական Ձյունանուշիկի հետ…
Բայց մի՞շտ է արդյոք մեր Նոր տարին կապված եղել ձմռան ու ձյան հետ։
Ո՛չ, ասում են մեր պատմագրությունը և… լեզվաբանությունը։

Մեր հեռավոր նախնիների տարեմուտը կոչվել է Նավասարդ, որ անունն է հայկական առաջին ամսվա։ Դա պարսկերեն բառ է և հենց «նոր տարի» էլ նշանակում է. նավ «նոր»+սարդ «տարի»։ Այդ ամիսը տևում էր, մեր այժմյան հաշվով, օգոստոսի 11-ից սեպտեմբերի 9-ը։ Տեսնո՞ւմ եք,հին հայոց Նոր տարին ամռանն էր գալիս, գալիս էր բերք ու բարիքի առատության շրջանում, ջեռոտ օրերին։ Եվ համապատասխան շուքով էլ տոնվում էր։ Հանդիսությունները կոչվում էին Նավասարդյան տոներ։ Ինչեր ասես չէին կազմակերպվում այդ տոնախմբությունների ընթացքում. է՛լ հրավառություն, է՛լ մարտիկ-մարզիկների մրցություններ, է՛լ նազելի օրիորդների առևանգումներ… Սակայն եկեք լսենք հին գուսաններին, որոնց շարահարած բանահյուսական այս գողտրիկ պատառիկը մեզ է հասել XI դարի մատենագիր Գրիգոր Մագիստրոսի 33-րդ թղթով.
Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի
Եւ զառաւօտն Նաւասարդի,
Զվազելն եղանց և զվարգելն եղջերուաց.
Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն էր թագաւորաց։
(«Ո՜վ կտար կամ որտեղի՜ց ինձ ծուխը ծխանի և առավոտը Նավասարդի, եղնիկների վազելն ու եղջերուների վարգելը։ Մենք փող էինք զարնում և թմբուկ խփում, ինչպես որ վայել էր թագավորներին)։
Ավելացնեմ. ի պատիվ նախնյաց սովորությունների, Հայ բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ, կենտրոնը՝ Նյու Ջըրզի) ամեն տարի Եվրոպայի այս կամ այն երկրում կազմակերպում է սփյուռքահայ երիտասարդների նավասարդյան խաղեր։

Աղբյուրը՝ Պ.Բեդիրյան, «Բառերի խորհրդավոր աշխարհից»

Տիգրան Բարսեղյանն առաջարկում է ամանորյա խաչբառ, հղումով մտնելով՝ փորձիր լրացնել։

Նոր տարվա այլ անվանումները։ Նյութը պատրաստեց Արեն Ղազարյանը՝

Նոր տարվա այլ անուններ` Ամանոր, Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար, Կալանտար:Հնում հայերը Նոր տարին նշել են օգոստոսին,օգոստոսյան տոնը հայերը կոչել են Նավասարդ: Բառը կազմված է նավա (նոր և սարդ) տարի բառերից և նշանակում է Նոր տարի: Ամ նշանակում է տարի,Ամանոր-Նոր տարի,Կաղանդ ասում են արևմտահայերը Նոր տարուն։Կաղանդ բառը ծագել է լատիներեն calendae բառից որը հայերենում ստացել է Նոր տարվա առաջին օրվա նշանակությունը։

Նոր տարուն նախորդող գիշերն էլ հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ անուններով, իսկ համշենահայերի մոտ` Ծաղկըմուտ:

Ալիսա Փիլոյանն առանձնացրել է ամանորյա խաղերի իր ընտրանին՝

Ձմեռվա ամսանունների ծագումը։ Նյութը պատրաստեց՝ Գագիկ Ղազարյանը։

Դեկտեմբեր անունը ծագել է լատիներեն տասներորդ ամիս բառերից, որովհետև ինքը հին Հռոմեական օրացույցով տասներորդ ամիսն էր։ Այնտեղ տարին սկսում էր մարտից։

Հունվար անունը ծագել է Յանուս Աստվածի անունից։ Յանուս Աստվածը բացվող դռների և խորամանկության Աստվածն էր։

Փետրվար անունը ծագել է ստորգետնյա թագավորության Աստվածի Փեբրուուսի անունով։

Մալենա Սահակյանը ներկայացնում է «Ամանորյա բարեմաղթանքներ» խաղը՝
Բարև ձեզ: Հիմա ես կներկայացնեմ, թե ինչպես են խաղում «Ամանորյա մաղթանքներ» խաղը:
«Ամանորյա մաղթանքներ» խաղը խաղում են խմբով․ ամեն մեկը թղթի վրա գրում է մեկ կամ երկու մաղթանք, ծալում, ապա բոլոր մաղթանքները խառնում են, այնուհետև ամեն մեկը քաշում է մի թուղթ և ինչ բարեմաղթանք ընկնում է, այդպիսի նոր տարի է ունենում այդ մարդը, իսկ ես մաղթում եմ, որ 2021 թվականը լինի ձեզ համար երջանիկ և խաղաղ տարի։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *