Լեզվաբանական ամսագիր # 11

Բովանդակություն

  • Եկեք ճիշտ խոսենք
  • Խաղ՝ «Հիշիր բանաստեղծությունը»
  • Բառերի ու արտահայտությունների հետքերով
  • Լեզվական խաղ
  • Հարց-կատակներ, հանելուկներ

Եկեք ճիշտ խոսենք

Բառարանը կազմել է Հայկ Մնացականյանը՝ լսելով ու գրի առնելով շրջապատում լսած սխալ բառերն ու բառաձևերը։

Ու՞ր ես էթում– ու՞ր ես գնում

ամսեկան– ամսական

չեմ ջոկում– չեմ հասկանում

անձեռնոցիկ– անձեռոցիկ

ծիծաղալ – ծիծաղել

խոսալ- խոսել

ծովում լողանալ– ծովում լողալ

ինչպե՞ս է անունդ – անունդ ի՞նչ է

փախնել – փախչել

«Բոլորս էլ օգտագործում ենք բառեր, որոնք հայերեն չեն կամ ճիշտ չեն։ Ես կկազմեմ մի փոքրիկ բառարան, որը կօգնի ձեզ ճիշտ խոսել», գրում է Դավիթ Սաֆարյանը։

Չայնիկ-թեյնիկ

շտեպցել-վարդակ

կոմպյուտր-համակարգիչ

բոթաս-սպորտային կոշիկներ

պակա-ցտեսություն

սյուրպրիզ-անակնկալ

ուժս- մղձավանջ

լիմոն-կիտրոն

տվոռոգ-կաթնաշոռ

սմետան-թթվասեր

Խաղ՝ «Հիշիր բանաստեղծությունը»։ Ինչպես են խաղում այս խաղը, իմանալու համար լսեք 5-րդցիներ Մալենային, Անահիտին և Ալլային։ Տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Բառերի ու արտահայտությունների հետքերով.

Առաջարկում է կարդալ Մանե Սարգսյանը

Սատիրան երգիծանքն է, սուր ծաղրը և այդ ոգով գրված գործը։ Բայց ի՞նչ է նշանակում սատիրա։ Դա լատ․բառ է։ Բաց ենք անում բառարանը և այնտեղ, ոչ ավելի, ոչ պակաս, կարդում՝ satura կամ satyra (սատուրա, սատիրա) «դեսից-դենից, տարբեր մրգերից և այլն պատրաստված ճաշատեսակ», մի խոսքով` «աջաբսանդալ»։ Եվ քանի որ հին հռոմեացի երգիծաբան Գայուս Լուցիլիուսը (մ․թ․ա․ 180-103) իր երգիծական երկերում գրական ձևերն «իրար էր խառնում», նրա ստեղծագործություններն սկսեցին satyra անվանել։ Այստեղից էլ տարածվեց գրական այդ ժանրի անունը։ Սատիրա բառին, սակայն ուրիշ բացատրություն էլ են տալիս`կապում են հին հույների Սատյուրոս աստծո անվան հետ։ Սա Բաքոսի ուղեկից, հաճախ նրա հետ նույնացվող աստվածն էր անտառների և դաշտերի, որ պատկերացվում էր այծամարդու կերպարանքով։ Հին հույները սատյուրոս ասում էին նաև պոչավոր կապիկի մի տեսակի․․․

«Արգելում եմ» . առաջարկում են կարդալ Ալիսա Արշակյանը և Իվետա Ավետիսյանը

Բոլորդ երևի գիտեք, որ խաղաղ օվկիանոսում բավական թվով կղզեխմբեր (արշիպելագներ) կան։ Ճապոնիան, օրինակ, ինքնին մի կղզեխումբ է, որի արևմտյան ափերը Ճապոնական ծովի ջրերն են լվանում, արևելյանները՝ Խաղաղ օվկիանոսի։ Նրանից հարավ-արևելք՝ հենց օվկիանոսի մեջ, Ֆուջի կղզեխումբն է, էլի մի քիչ հարավ-արևելք՝ Թոնգա կղզեխումբը (Պոլինեզիա)։

Ահա այս թոնգացիների լեզվում մի բառ կա, որ այժմ աշխարհի գրեթե բոլոր լեզուներում գործածական է։ Դա թաբու-ն է, որ իրականում նախադասության արժեք ունի՝ «արգելում եմ» է նա նշանակում, բայց «յուրահատուկ տեսակի արգելք» իմաստով է օգտագործվում։ Թաբու-ն այն արգելքն է, որ մարդու կամ առարկայի, գաղափարի անվանումը, հիշատակությունը սահմանափակում է ըստ տվյալ ժողովրդի մեջ ընդունված սովորույթի։ Օրինակ՝ հնում այն պատկերացումն են ունեցել, որ եթե օձի անունը տան, հանկարծ կարող է հայտնվել։ Դրա համար օձ բառն աշխատել են չօգտագործել. այն թաբուի տակ է եղել։ Ժողովուրդն այդ կենդանուն պարան բառով է ակնարկել։ Հայկական ընտանիքում նահապետական բարքերի տիրապետություն շրջանում թաբու է եղել սկեսուր-սկեսրայրի ներկայությամբ նորահարսի խոսելը կամ առաջինները կողմից վերջինին (նորահարսին) անունով կոչելը։ Դրա համար խոսքը նրան ուղղելիս սովորաբար ասել են՝ այսինչի աղջիկ, իսկ հարևանները՝ այսինչի հարս։ Շատ գյուղերում ամուսինն անգամ իր կնոջն անունով չի դիմել (նրա անունը տալն էլ է թաբու եղել)։ Եթե հիշում եք, Ակսել Բակունցի «Նամակ ռուսաց թագավորին» պատմվածքի հերոս Արթին պապն իր կնոջը միշտ «Նազու աղջիկ» է ասում։

Մի ուրիշ բառ էլ կա, այս անգամ լատիներեն (veto [վետո]), որ նույնպես «արգելում եմ» է նշանակում և այսօր քաղաքական-դիվանագիտական աշխարհում խիստ գործածական է։ Դա վետո-ն է, որ բայ է եղել, բայց այժմ իբրև գոյական է գործածվում։ Վետոն միջազգային (կամ ազգային) հատուկ ատյանններում այն բացասական քվեն է, թեկուզ մեն-միակ «դեմ»-ը, որ այս կամ այն որոշման ընդունումը խափանում է։ Օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 5 հիմնադիր պետություններ վետոյի իրավունք ունեն։ Դա նշանակում է, որ եթե նրանցից մեկնումեկը նախագծին դեմ քվեարկի, վետո դրած կլինի, և որոշումը չի անցնի։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ևս այսպես է։ Կամ ԱՄՆ-ում, Ռուսաստանի Դաշնության մեջ ընդունված սահմանադրությունների համաձայն՝ այս երկրների նախագահները կարող են վետո դնել համապատասխանաբար Կոնգրեսի և Պետական դումայի, Դաշնային խորհրդի որոշման վրա, որին համամիտ չեն. այն վերաքննարկման և վերաքվեարկության է ուղարկվում։

Աղբյուրը՝ Պ. Բեդիրյան «Բառերի խորհրդավոր աշխարհում»

Գագիկ Ղազարյանի՝ լեզվական նոր խաղը։ Խաղալու համար անցնել հղումով։

Արեն Աբրահամյանի՝ հարց-կատակների, հանելուկների ընտրանին։

Հարց-կատակներ, հանելուկներ

Պատասխանները պետք է լինեն միայն գոյականներ:

  • Ի՞նչն է քոնը, բայց դու սովորաբար չես օգտագործում:
  • Բոլոր մարդիկ ի՞նչ ունեն:
  • Գտիր անունը. ա) անունս կազմված է մորս և ծննդավայրիս անուններից, երկուսն էլ սկսվում են ա-ով. բ) մեր գյուղը փոքրիկ արև է նշանակում:
  • Ի՞նչ կարելի է տեսնել քնած ժամանակ:
  • Էն ինչն է ինչն է՝ ուր գնում ես հետևում է քեզ:
  • Ի՞նչն է, որ ինչքան վերցնում ես, այնքան մեծանում է:
  • Ո՞ր ամիսն է ամենակարճը:

Աղբյուրը՝ Հ.Ա. Հարությունյան «Հետաքրքրաշարժ հայոց լեզու»

One thought on “Լեզվաբանական ամսագիր # 11

  1. Շատ հետաքրքիր էր, թե որտեղից է ծագել /արգելում եմ/ արտահայտությունը: Խաղերը և բառարանները նույնպես շատ հետաքրքիր էին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *